Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն Ալավերդյան
Ներքաղաքական«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով արդեն մի քանի օր է, ինչ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Երեւանում ու մայրաքաղաքից դուրս: Իսկ կարմիրբերետավորները շարունակում են անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին: Բերման ենթարկվածների թվում եղել է նաեւ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին փոխթաղապետը:
Ըստ Ալավերդյանի` կարմիր բերետավորներն առանց որեւէ խոսքի, բռնի ուժ են կիրառել, թե՛ կանաց եւ թե՛ տղամարդկանց նկատմամբ՝ բերման ենթարկելով Նոր Նորքի ոստիկանական բաժին:
«Փակել էինք Գայի պողոտան, որը օրենքի սահմաններում էր: Մենք մեր իրավաբան ընկերների հետ, որոնք մեզ հետ նույնպես մասնակցում էին ակցիային, ոստիկանությանը ներկայացրեցինք օրենքը, որն անտեսվեց նրանց կողմից, եւ անհամաչափ ուժ կիրառվեց կարմիրբերետավորների կողմից: Տվյալ հատվածից յոթ անձ բերման ենթարկվեց, որոնց թվում էի եւ ես», - պատմեց Արմեն Ալավերդյանը:
«Իրավունք»-ի հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախկին փոխթաղապետը, նա պատասխանեց, որ միակ լուծումը եւ ելքը այն է, որ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա. «Չկա այլ տարբերակ»:
Ալավերդյանն իր շնորհակալությունը հայտնեց Բագրատ սրբազանին՝ կիրակի օրը հանրահավաքի ժամանակ բեմ հրավիրելու եւ չանտեսելու համար այն բոլոր տղաներին, ովքեր մասնակցել էին անհնազանդության ակցիաներին: Նրա գնահատմամբ՝ սա ավելի կոգեւորի ակցիայի մասնակից տղաներին: Ինչպես նաեւ իր խորին շնորհակալությունը հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր այցելել են ոստիկանության բաժանմունք ՝ տղաներին տեսակցության:
Հիշեցնենք, որ սահմանազատմանը դեմ տավուշցիները եւ նրանց միացած այլ քաղաքացիներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին Երեւան։ Մայիսի 9-ին նրանք արդեն մայրաքաղաքում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցմանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ