Ժամանակը կգա կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ. Շարմազանով
ՏեսանյութերԼայն քննարկման առարկա դարձավ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ գրառումն այն մասին, որտեղ նշել էր, որ համախմբվելու չունի 2016-ին ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի», Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների, Շուշին ու Հադրութը, Լաչինն ու Աղավնոն, Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ, Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների, Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։ Այս մասին զրուցել ենք նրա հետ:
— Բագրատ սրբազանի շարժմանը սատարող որոշ ուժեր սվիններով ընդունեցին Ձեր վերոնշյալ հայտարարությունը, որտեղ նաեւ շեշտել էիք, թե ձեւական համախմբման կարիք չունեք: Ի՞նչ կասեք այս մասին:
— Մեկնաբանելու ոչինչ չկա: Իմ գրառման մեջ շատ հստակ ամեն ինչ ասել եմ եւ ցավում եմ, եթե որոշ մարդկանց մոտ ցնծության կամ այլ զգացումներ են առաջացել: Ասել եմ այն, ինչ մտածում եմ: Եվ ամենակարեւորը` ասել եմ, որ ես գաղափարական եւ արժեքային միասնության ու համախմբման կողմնակից եմ ու, Աստված տա, սրբազան շարժումը հաջողի, հաղթանակի եւ ծառայի Հայաստանի, հայ ժողովրդի ու Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու նպատակներին:
— Ի դեպ, Ձեր հայտարարությանը ծավալուն անդրադարձ էր կատարել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը…
— Միայն մի բան կասեմ` երբ ես ու իմ ընկերները, իմ կուսակցությունը պայքարում էր նիկոլիզմի դեմ, բնակչության 95 տոկոսն ու քաղաքական ուժերի 90 տոկոսը Նիկոլ Փաշինյանի ջատագովներն էին: Իմ ասածը կարող է մեկն ընդունի, մեկը չընդունի: Ցավում եմ, եթե ազնիվ մարդկանց մոտ տարընթերցումների առիթ է տվել իմ խոսքը, բայց ես չեմ պատրաստվում պղտոր ջրում ձուկ որսալ: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, ընդ որում` շատ պարզ ու հստակ: Դրա գլխավոր մեսիջը մեկն է`միավորումը պետք է լինի գաղափարական եւ արժեքային, մենք սատարում ենք նիկոլիզմի դեմ պայքարին եւ մասնավորապես` այս շարժմանը, բայց ես դեմ եմ արհեստական միասնություններին: Ժամանակը կգա, կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ: Բայց ես ամբիցիա ու ինքնահաստատվելու խնդիր չունեմ, որ ես ցույց տամ` ես ճիշտ էի, մնացածը` սխալ: Ես էլ սխալական մարդ եմ: Պարզապես, իմ եւ շատ մարդկանց քաղաքական տարբերությունը մեկն է, որ ես հասկանում եմ իմ սխալական լինելը, ինչպես ցանկացած մարդ, իսկ շատերն իրենց արդեն հրեշտակներ են պատկերացնում, մանավանդ` այսօրվա իշխանության կազմում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ