Ընդդիմությունն այսօր իշխանության գալու պայքար չի մղում. Զաքարյան
ՊատմությունԸստ ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ` ընդդիմության գործողությունները իշխանության համար պայքար չեն:
– Բոլորիս համար ակնհայտ է, որ Արցախը եւ Հայաստանի ինքնիշխանությունը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Այս իրավիճակում խոսել իշխանություն-ընդդիմություն պայքարի մասին առնվազն անբարոյականություն է իշխանությունների կողմից: Իրավիճակը շտկելու հնարավորություն կա, մենք դա տեսնում ենք եւ դրա մասին ասում ենք: Չենք ասել` կգանք իշխանության, կանենք, բայց քանի որ իրենց նպատակը Հայաստանը չեզոքացնելն է, որպես ինքնիշխան պետություն, նրանց նպատակը Արցախը վերջնականապես Ադրբեջանին փոխանցելն է եւ լեգիտիմացնելը, կեղծ խաղաղության միջոցով հայ ժողովրդին թուրքական վտանգի առաջ մենակ թողնելը, իրենք այդ ճանապարհին պատրաստ են ցանկացածին մեղադրել: Այսօրվա իշխանությունը շանտաժի է ենթարկում ժողովրդին, նույնկերպ շանտաժի է ենթարկում Ալիեւը, Էրդողանը, հետեւաբար մենք պետք է մտածենք` այս իշխանությունները մե՞րն են, թե` ոչ:
– Այդուհանդերձ, ի՞նչ է սպասվում այս իշխանություններին հեռացնելուց հետո: Նորից կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր: Մտավախություն չունե՞ք, որ այդ դեպքում կրկին կվերարտադրվի այս իշխանությունը:
– Ընդիմությունն այսօր իշխանության գալու պայքար չի մղում, բայց ակնհայտորեն իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար ծայրահեղ մեթոդների են դիմում: Մենք հստակ ասում ենք` Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել եւ չպետք է լինի: Մենք հայ ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով կարողանալու ենք Հայաստանն ու Արցախը նոր անվտանգային մակարդակի բարձրացնել: Դրա համար ունենք բավարար դիվանագիտական ռեսուրսներ, քաղաքական ծրագրեր ու մոտեցումներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ