«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՀասարակությունՄայիսի 2-ը անմահ հերոս ՄԻՍԱԿ ՎԱՂԻՆԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 21 տարեկան։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Միսակը ծնվել է 2003 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ծառայել է Գորիսի «Զանգեր» զորամասում, կռվել հերոսի պես Իշխանասարում, թշնամու կողմից հրահրված եռօրյա պատերազմի ժամանակ 2022֊ի սեպտեմբերին։ Նրա լավագույն ընկերը, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավով ու ափսոսանքով նշեց. «Միսակը ձախ ձեռքից վիրավորվել է, շապիկը հանել է ու վիրակապել, այդպես շարունակել մարտը մինչև մահ, հերոսաբար զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ին։ Միսակը իմ լավ ընկերն էր, շատ հրաշք մարդ, հիանալի անձնավորություն, շատ խելացի, դաստիարակված, կիրթ, սովորող։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան ծրագրավորման բաժինը, ցավոք չհասցրեց վայելել ուսանող լինելու բերկրանքը, գնաց բանակ ծառայության ու զոհվեց հանուն բոլորիս։ Դպրոցն ավարտելուց հետո միշտ կապը պահել եմ, նա իմ համադասարանցին էր, շատ ընկերասեր, բարի, բոլորին հասնող մարդ էր Միսակը»։ Անմահ հերոսի մայրը, տիկին ԱՆՈՒՇԸ, մեզ հետ զրույցում նշեց. «Տղաների կյանքը պատերազմով չի սկսվել, ցավոք պատերազմով է ավարտվել։ Որդիս դպրոցական տարիներին հաճախում էր տարբեր մարզաձևերի, սակայն կարճ ժամանակով։ Քննությունները հանձնեց, ընդունվեց, ցավոք ուսանող չդարձավ։ Միսակս կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ։ Ծառայության ընթացքում, ոչ մի օր չի դժգոհել, շատ հայրենասեր էր իր մարդ տեսակով, հերոսաբար անմահացել է Իշխանասարում։ Այս սերունդը, ոսկե սերունդ է, որի գինը ցավոք մենք չհասկացանք, բոլորը յուրահատուկ էին, ընտրյալներ։ Որքան ընտանիքներ չկազմվեցին, որքան ընտանիքներ քանդվեցին....
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ