Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան
ՆերքաղաքականԱյն, որ ըստ Նիկոլ Փաշինյանի` դեմ լինել սահմանազատմանը, նշանակում է՝ եղած պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվելու, ինչը պատերազմի պատճառ կարող է դառնալ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ներկայացրեց Հանրապետական կուսակցության տեսակետը:
— Մեզ համար` որպես քաղաքական ուժի, խնդիրը ոչ թե այն է, որ ինչ-որ փուլում պետք է դելիմիտացիա, դեմարկացիա իրականացվի, այլ այն է, թե դրանք ինչ սկզբունքով են իրականացվում, ինչ քարտեզներ են դրանց հիմքում եւ դա բանակցային գործընթացում ինչպիսի դեր ունի, հատկապես, օրինակ, Խաղաղության պայմանագրի համատեքստում: Խաղաղության պայմանագիրը, ըստ էության, դեռեւս որոշակի ամբողջացման փուլ չի եկել, բայց դրանից առանձին դելեմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց է տեղի ունենում: Ավելին, Ադրբեջանը նույնիսկ հայտարարում է, որ հետագայում Խաղաղության պայմանագրի կնքման պարագայում այնտեղ ամրագրված մոտեցումները կամ սկզբունքները ունենալու են գերակա դեր այսօրվա դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի նկատմամբ, ինչը բավականին տարակուսելի իրավիճակ է ստեղծում: Կրկնում եմ՝ խնդիրը ոչ թե այն է, որ դելիմիտացիա, դեմարկացիա չպետք է լինի, այլ այն, թե ինչ սկզբունքներ են դրա հիմքում դրված, եւ գործընթացը ինչ տրամաբանությամբ է առաջ գնում: